Սերունդ. նոր սերնդի դպրոցների ստեղծում


Առանձին դասարաններում փոփոխություն բերող ուսուցիչների ներկայությունը կարևոր է, այդուհանդերձ մենք մեր աշխատանքն իրականացնում ենք նաև ամբողջական դպրոցներում։ Այստեղ է «Սերունդ»-ը՝ Հայաստանի կրթական նախաձեռնության (ՀԿՆ) դպրոցական ծրագրերը։ «Սերունդ»-ը համապատասխանում է իր անվանը՝ դպրոցների նոր սերունդ ստեղծելով։

«Սերունդ»-ը միաժամանակ առաջ է շարժվում երկու ուղղությամբ՝

  • Սերունդ Կատալիստ. Հանրակրթական դպրոցների ներուժի բացահայտում։ Մենք համագործակցում ենք դպրոցների հետ, որոնք փոխակերպելով իրենց դասավանդման պրակտիկան, ձգտում են փոխակերպել աշակերտների արդյունքները։
  • Սերունդ դպրոց. Կառուցել սպիտակ էջից։ Մեր առաջատար նորարարական դպրոցը նախագծված է հիմնարար սկզբունքներով՝ արհեստական բանականություն ինտեգրող, անհատականացված ուսումնական միջավայրով, և փաստագրված, որպեսզի մոդելը հնարավոր լինի վերարտադրել։

Կատալիստ

Սերունդ Կատալիստ ծրագիր

Մարտահրավերը

Հայաստանի չափազանց շատ դպրոցներ, հատկապես գյուղական վայրերում, պայքարում են աշակերտների նվազող թվաքանակի, հնացած մեթոդների և անկումային տրամադրությունների դեմ։ Տաղանդավոր աշակերտները, հնարավորության դեպքում, մեկնում են մայրաքաղաք, իսկ մնացողները չեն ստանում իրենց արժանի հնարավորությունները։ Մենք համարձակ հարց տվեցինք. իսկ եթե դժվարություններ ունեցող հանրակրթական դպրոցը հնարավոր լիներ վերածել գերազանցության մոդելի… և այդ օրինակը տարածե՞լ ամբողջ երկրով։

Մեր գործողությունների տեսությունը

Եթե ամրապնդենք առաջնորդությունը դպրոցի բոլոր մակարդակներում, ապա դպրոցները կզարգացնեն շարունակաբար բարելավվելու կարողություն, որպեսզի տևական կրթական փոխակերպման պատասխանատուն և պահապանը լինի հենց համայնքը։

Ինչպես ենք դա անում

  • Աշակերտական առաջնորդություն. Աշակերտները զարգացնում են առաջնորդությունը համայնքային նախագծերի, թիմային աշխատանքի և դպրոցական կյանքը ձևավորելու իրական հնարավորությունների միջոցով։
  • Ուսուցչական առաջնորդություն. Ուսուցիչներն ինտենսիվ քոուչինգ և մասնագիտական ուսումնառություն են ստանում՝ դառնալու մենթորներ, նորարարներ և դասավանդման առաջնորդներ։
  • Դպրոցական առաջնորդություն. Տնօրեններն ու վարչական աշխատողները շարունակական աջակցություն են ստանում՝ դպրոցական մշակույթ կառուցելու, բարելավումներն առաջնորդելու և փոփոխությունը կայուն դարձնելու համար։
  • Համայնքային առաջնորդություն. Մանկավարժների հետ համագործակցությամբ՝ ընտանիքներն ու համայնքի անդամներն ակտիվ դեր են խաղում դպրոցի տեսլականի և առաջնահերթությունների ձևավորման հարցում։

Այս երեք մակարդակների համադրումը ստեղծում է փոխադարձ ուժեղացման շրջան. մոտիվացված աշակերտները ոգեշնչում են ուսուցիչներին, հզորացած ուսուցիչներն աջակցում են միմյանց, իսկ արդյունավետ տնօրենը սատարում է ամբողջ թիմին։ Դպրոցը սկսում է հավատալ, որ հաջողություն հնարավոր է կերտել, այն էլ հիմա։

Ինչ է ներառում ծրագիրը՝

  • Յուրաքանչյուր դպրոցի համար անհատական փոխակերպման ծրագիր՝ համատեղ մշակված այդ դպրոցի շահակիցների՝ տնօրենի, առաջատար ուսուցիչների, տեղական պաշտոնյաների և ծնողների հետ։ Մենք բերում ենք մոտեցումներ ու գործնական գիտելիք, բայց տեսլականը տեղական է, որպեսզի այն իսկապես դպրոցինը լինի։
  • Մասնակից ուսուցիչների և տնօրենների ինտենսիվ վերապատրաստում աշակերտակենտրոն մեթոդաբանության, առաջնորդության և փոփոխությունների կառավարման թեմաներով՝ աշխատարանների, բարձր արդյունքներ ունեցող դպրոցներ այցելությունների ու շարունակական վերապատրաստումների միջոցով։
  • Տեղում քոուչինգ և մշտադիտարկում՝ հաճախակի դասալսումներով, օրինակելի դասերով և առաջադիմության, հաճախելիության ու վարքի տվյալների հետևմամբ։ Եթե ինչ-որ բան չի գործում, այն անմիջապես է շտկվում։
  • Լրացուցիչ ռեսուրսներ՝ թարմացված ուսումնական նյութեր, տեխնոլոգիաներ, դպրոցական բարելավման նախագծերի իրականացման փոքր դրամաշնորհներ և կապեր մրցույթների, ցուցահանդեսների ու փոխանակումների հետ։ Մենք համախմբում ենք գործընկերներին՝ ինտերնետ կապից մինչև գրադարանների վերանորոգում, որպեսզի միջավայրը համապատասխանի հավակնություններին։
  • Համայնքի ներգրավում հանդիպումների, աշխատարանների և կամավորության հնարավորությունների միջոցով՝ դպրոցը վերածելով ընտանիքներին միավորող կենտրոնի։

Առաջին արդյունքները. մոդելի կենսունակության ապացույց

Տավուշի մարզի Թախտայի հիմնական դպրոցում 2020 թվականի վերջին մեկնարկած մեր փորձնական «Սերունդ» դպրոցն ապշեցուցիչ փոփոխություններ արձանագրեց՝

Մեկնարկից երկու ամսվա ընթացքում աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվեց՝ 47-ից հասնելով մոտ 90-ի. երբ լուրը տարածվեց, ընտանիքները սկսեցին երեխաներին վերադարձնել դպրոց։ Մեկ տարի անց աշակերտների թիվն անցավ 100-ը։ Մի տարածաշրջանում, որտեղ դպրոցները փակվում են աշակերտների պակասի պատճառով, Թախտայի վերածնունդը բացառիկ է։

Ուսումնառության արդյունքներն աճեցին. մաթեմատիկայի յուրացման միջին ցուցանիշը հասավ 83%-ի, գրագիտությունը կտրուկ բարելավվեց՝ մեկ տարում 99% աճով, իսկ աշակերտական առաջնորդության միջին գնահատականը հասավ 90%-ի։

Ուսուցիչների և տնօրենի գոհունակությունը հասավ 100%-ի։ Յուրաքանչյուր ուսուցիչ և տնօրենը խորհուրդ տվեցին մյուս դպրոցներին միանալ «Սերունդ» ցանցին. սա նշանակալի գնահատական է այն մարդկանցից, որոնք սկզբում անհանգստանում էին այդքան մեծ փոփոխություններից։

Դպրոցական միջավայրը փոխակերպվեց՝ աշակերտական խմբակներ, պատերին ցուցադրված նախագծեր, աշխատանքից հետո համագործակցող ուսուցիչներ, դպրոցական միջոցառումներին միացող ծնողներ։

Ավարտական արդյունքներ, մայիս 2026

Այս հաջողության հիման վրա մենք ընդլայնվեցինք մարզերում և Երևանում։ 2025-ից 2026 ուսումնական տարում Կատալիստ ծրագիրը գործեց Լոռու, Վայոց Ձորի և Երևանի հինգ հանրակրթական դպրոցներում՝ անմիջականորեն աշխատելով 135 ուսուցչի և 1,810 աշակերտի հետ ու ներգրավելով նրանց ընտանիքներին՝ դպրոցական համայնքն ամրապնդելու համար։ Ինչպես ցույց է տալիս 2025-2026 ուսումնական տարվա ամփոփիչ հարցումը, ծրագիրը ստացավ գոհունակության շատ բարձր գնահատականներ բոլոր հիմնական շահառուների խմբերից՝ տնօրեններ՝ 100 առ 100, ուսուցիչներ՝ 100 առ 100, ծնողներ՝ 98% գոհունակություն։

Ծրագրի առաջին տարում գտնվող դպրոցները գնահատված բոլոր առարկաներով արձանագրեցին 22% ընդհանուր ակադեմիական աճ՝ գրագիտության 30% և թվաբանական հմտությունների 31% աճով։

Երկրորդ տարին ավարտող դպրոցները ցույց են տալիս, որ ձեռքբերումները պահպանվում և խորանում են. աշակերտների 89%-ը հասել է իր տարիքին համապատասխան գրագիտության չափանիշներին, իսկ 90%-ը՝ թվաբանական հմտությունների չափանիշներին։ Սա ամենակարևոր արդյունքն է։ Մեկ տարվա թռիչքը կարող է լինել ուշադրության կարճատև աճի հետևանք, իսկ երկրորդ տարվա խմբում տասը աշակերտից իննի՝ չափանիշին հասնելը նշանակում է, որ դպրոցը փոխել է իր աշխատանքի ձևը։

Պահանջարկը գերազանցում է հնարավորությունները

Մոդելի նկատմամբ հետաքրքրությունն աճել է ավելի արագ, քան այն բավարարելու մեր կարողությունը։ Տավուշի և Լոռու քսանմեկ դպրոց դիմել է միանալու համար, իսկ 572 ուսուցիչ հայտնել է մասնակցելու իր հանձնառությունն ու պատրաստակամությունը։

Դիմած տասը դպրոցից ինը դիմելու հիմնական պատճառ է նշել գործող «Սերունդ» դպրոցների արդյունքները։ Հարցին, թե ինչն է իրենց համոզել, դպրոցների ղեկավարները հետևողականորեն նշել են երեք բան՝

  • դպրոցական մշակույթի և ընդհանուր ուսումնական միջավայրի փոփոխությունը,
  • իրենց ուսուցիչների մասնագիտական աճն ու դասավանդման կարողությունը,
  • իրենց աշակերտների ակադեմիական առաջընթացը։

Դպրոցները չեն դիմում գովազդային գրքույկի պատճառով։ Նրանք դիմում են, քանի որ տեսել են՝ ինչպես է փոխվել հարևան դպրոցը։

Կատալիստ ծրագիր. կառավարության հետ գործընկերություն և համակարգային ներդրում

2025 թ. օգոստոսին նախարարությունը «Սերունդ»-ին հրավիրեց իր դպրոցական միջավայրի բաղադրիչները ներդնելու վեց նորաստեղծ կրթահամալիրներում. առաջին անգամ մեր մոդելը կիրառվեց պետության նախաձեռնությամբ, այլ ոչ՝ մեր։

Աշխատանքը կենտրոնացած էր «Սերունդ»-ի սոցիալ-հուզական ուսումնառության և ծնողների ներգրավման մոտեցումների ինտեգրման վրա՝ դպրոցական մշակույթն ու աշակերտների բարեկեցությունն ամրապնդելու համար։ Մեկ կիսամյակի ընթացքում «Սերունդ»-ի մենթորներն աջակցեցին ներդրմանը բոլոր վեց դպրոցներում՝ ընդգրկելով 444 աշակերտ, նրանց ընտանիքներին և 114 ուսուցիչ։

Արդյունքները համոզիչ էին։ Ավարտական հարցումներում վեց դպրոցների ուսուցիչների ավելի քան 90%-ը նշել է, որ «Սերունդ»-ի սոցիալ-հուզական ուսումնառության գործելակերպերը բարելավել են դպրոցական ընդհանուր միջավայրը, ամրապնդել աշակերտների և աշխատակիցների հարաբերությունները և ձևավորել ուսումնառության ավելի աջակցող մշակույթ։

Հիմնվելով այդ փորձարկման վրա՝ 2026 թվականին նախարարությունն առաջարկեց ամբողջական երկամյա Սերունդ Կատալիստ ծրագիրը ներդնել 20 նորաստեղծ կրթահամալիրներում՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերից, և հանձն առավ համաֆինանսավորել՝ հոգալով բոլոր քսան դպրոցներում իրականացման ծախսերի 20%-ը։ Դրանցից տասի համար դոնորական ֆինանսավորումն արդեն ապահովված է։

Երբ կառավարությունը ֆինանս է ներդնում մոդելի մեջ, այն այլևս չի վերաբերվում դրան որպես փորձնական ծրագրի։ Ահա այսպիսի տեսք ունի ներդրումը։

Գործընկերություններ

«Սերունդ»-ն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու մարզային իշխանությունների հետ գործընկերությամբ՝ միջազգային փորձագիտությամբ։ Կառավարությունն ուշադիր հետևում է. մեր նպատակն է, որ ԿԳՄՍ նախարարությունը «Սերունդ»-ի արդյունավետ փորձը որդեգրի և ընդլայնի համապետական քաղաքականության մեջ, ներառյալ՝ տնօրենների նոր վերապատրաստումը, նախագծահեն ուսումնառության համար ուսումնական ծրագրի ճկունությունը և ավելին։ «Սերունդ»-ը Հայաստանի դպրոցների ապագայի հետազոտությունների և զարգացման լաբորատորիա է։

Ընդլայնման տեսլականը

Քսան դպրոցը վերջնակետը չէ. այն ապացույցն է, որ մոդելը տարածվելու ներուժ ունի։ Մեր նպատակն է ստեղծել մի համակարգ, որն ի վերջո կարող է փոխակերպել Հայաստանի բոլոր 1,400 դպրոցները։ Կատալիստ ծրագրի դպրոցները հնարավորի նախատիպերն են։ Մոդելը կատարելագործելուն զուգընթաց մենք կընդլայնենք ցանցը, կհամակարգենք արդյունավետ գործելակերպերը և կպաշտպանենք այդ փոփոխությունները համապետական մակարդակում։ Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր դպրոց կարող է դառնալ «Սերունդ» դպրոց՝ վայր, որտեղ աշակերտները բարգավաճում են, ուսուցիչներն առաջնորդում, իսկ համայնքները համախմբվում են կրթության շուրջ։

Սերունդ դպրոց. մեր առաջատար նորարարական դպրոցը

Ժառանգված դպրոցը փոխակերպելը ցույց է տալիս, թե որքան հնարավորություններ կան գործող կառուցվածքի ներսում։ «Սերունդ» դպրոցն այլ հարց է տալիս. ի՞նչ կկառուցեինք, եթե ընդհանրապես չլիներ ժառանգված կառուցվածք։

«Սերունդ» դպրոցը մեր ամենահավակնոտ նախաձեռնությունն է՝ զրոյից նախագծված դպրոց այն աշխարհի համար, որն իրականում ժառանգելու են մեր աշակերտները, այլ ոչ թե այն աշխարհի, որի համար գրված են եղել նրանց դասագրքերը։

Անհատականացված ուսումնական միջավայր։ «Սերունդ» դպրոցն իր հիմքում առաջադեմ տեխնոլոգիաները, ներառյալ՝ արհեստական բանականությունը, ինտեգրում է ամենօրյա դասավանդմանը։ ԱԲ-ն անում է այն, ինչ լավագույնս է կարողանում՝ ճշգրիտ որոշում յուրաքանչյուր աշակերտի մակարդակը, իրական ժամանակում հարմարեցնում վարժություններն ու ուսուցիչներին տալիս դասարանում յուրաքանչյուր սովորողի ընթացիկ պատկերը։ Սա մեր մանկավարժներին ազատում է այն աշխատանքի համար, որը միայն մարդիկ կարող են անել՝ մենթորություն, հետաքրքրասիրության խթանում, բնավորության ձևավորում և բարձր ակնկալիքների պահպանում։ Աշակերտներն առաջ են շարժվում իրենց յուրացման տեմպով, ոչ թե օրացույցի։

Հուզական ամրություն՝ ներդրված հենց դպրոցի կառուցվածքում։ «Սերունդ»-ում սոցիալ-հուզական ուսումնառությունն առարկա չէ, այլ միջավայր, որն առկա է օրվա կազմակերպման, մեծահասակների՝ երեխաների հետ հարաբերությունների, անհաշտությունների լուծման և հաջողությունը սահմանելու ձևերի մեջ։ Աշակերտները մեծանում են՝ ճանաչելով իրենց, կառավարելով զգացմունքները և հոգ տանելով միմյանց մասին։ Երկրում, որն իր երիտասարդներից շատ բան է պահանջում, սա այն հիմքն է, որի վրա հենվում է մնացած ամեն ինչ։

Իրական խնդիրների շուրջ կառուցված ուսումնառություն։ Ուսումնական ծրագիրը կազմակերպվում է նախագծերի ու մարտահրավերների, ոչ թե մեկուսացած առարկաների շուրջ՝ ամբողջ ընթացքում ներառելով հայկական մշակութային ժառանգությունը, արժեքներն ու ինքնությունը, ինչպես նաև այն հմտությունները, լեզուներն ու մտածողության սովորությունները, որոնք աշակերտներին պատրաստում են համաշխարհային հասարակությանը լիարժեք մասնակցության։

Առաջնորդությունը՝ որպես կրթության մեջ հաջողելու պահանջ։ Յուրաքանչյուր աշակերտ «Սերունդ» դպրոցն ավարտում է՝ արդեն առաջնորդած լինելով որևէ բան՝ նախագիծ, թիմ կամ համայնքային նախաձեռնություն։ Սա «Սերունդ»-ի համոզմունքն է՝ իրագործված հատուկ այդ նպատակի համար ստեղծված միջավայրում։

Նախագծված՝ վերարտադրվելու համար։ Այն ամենը, ինչ կառուցում ենք «Սերունդ»-ի միջոցով՝ գործառնական մոդելը, ուսումնական ծրագիրը, ուսուցիչների պատրաստությունը, տեխնոլոգիական համակարգը, գնահատման գործիքները, փաստագրվում է, որպեսզի այլ դպրոցներ, դպրոցական համակարգեր և կառավարություններ Հայաստանում ու դրանից դուրս՝ կարողանան արտոնագրով կիրառել և հարմարեցնել այն։ Իսկ «Սերունդ» դպրոցում իրեն արդարացրած փորձն անմիջապես վերադառնում է Կատալիստ ծրագիր, որպեսզի ամբողջ երկրի դպրոցները ստեղծեն բեկումնային արդյունքներ։ Ահա թռիչքային առաջընթացը գործնականում՝ ոչ թե մեկ բացառիկ դպրոց, այլ շատերի համար վերարտադրելի մոդել։

Բացումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին

  • Վայր՝ Վահագնի, Հովնանյան ընտանիքի հետ գործընկերությամբ
  • Դասարաններ՝ հիմնադրման տարում 1-ին դասարան, ապա յուրաքանչյուր տարի մեկ դասարանի ավելացում՝ սերնդի առաջընթացին զուգընթաց
  • Աշակերտների թիվ՝ մինչև 20 աշակերտ հիմնադիր սերնդում
  • Հասանելիություն՝ հանրային հեղինակային դպրոց, ամբողջությամբ անվճար, առանց ուսման վճարի
  • Հիմնադիր գործընկերներ՝ Լիբարիդյան ընտանիք, հետագայում՝ նաև ուրիշները

Գործելու կոչ. միացե՛ք «Սերունդ»-ի հեղափոխությանը։ Եթե փոփոխության ձգտող տնօրեն կամ մանկավարժ եք, կամ լուծումներ փնտրող քաղաքականություն մշակող, եկե՛ք տեսնելու «Սերունդ»-ը գործի մեջ։ Այցելե՛ք մեր դպրոցներ, հանդիպե՛ք աշակերտներին, խոսե՛ք իրենց նվիրվածությունը վերագտած ուսուցիչների հետ։ Ձեր դպրոցը բերե՛ք Կատալիստ ծրագիր, հովանավորե՛ք դպրոց, ֆինանսավորե՛ք մասնակիցների մի սերունդ, օգնե՛ք մեզ կառուցել «Սերունդ» դպրոց կամ «Սերունդ»-ը նոր մարզ հասցնել։