«Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագիր


«Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ և գործում է 2021 թվականից։ Ծրագիրն ուսանողներին տրամադրում է թե՛ ուսուցչի որակավորում, թե՛ Ուսուցիչ-առաջնորդի մասնագիտացում՝ լինելով Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը։ Շուրջ 70 շրջանավարտ արդեն ազդեցություն է ունենում դպրոցներում ու համայնքներում, իսկ ծրագիրը շարունակում է աճել՝ խթանելով կրթության ոլորտում փոփոխությունները։

Դիմե՛ք հիմա

Մագիստրոսական ծրագիրը խարսխված է երկու առանցքային գաղափարների վրա՝ կրթական արդարություն և ուսուցչական առաջնորդությունԱյն ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ հասկանալ և լուծել կրթական հավասարության խնդիրները՝ մշակելով լուծումները դասարանում ու դասարանից դուրս կիրառելու ռազմավարություններ և մեթոդներ։

Բացի այդ, ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել առաջնորդությունը, զարգացնել իրենց առաջնորդական հմտությունները և գնահատել հավաքական առաջնորդության դերը համակարգային մարտահրավերները հաղթահարելու գործում։

Պայմանները

Ուսանողները կարող են ծրագրին մասնակցել հեռավար Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով՝ սովորելով ցանկացած վայրից։

ՁԵՎԱՉԱՓԸ`

Հեռավար և առցանց ուսուցում

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝

1.5 տարի / 3 կիսամյակ

ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐ՝

275,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր կիսամյակի համար

ՆՊԱՏԱԿ

Մագիստրոսական ծրագրի նպատակն է ձևավորել ուսուցիչների նոր սերունդ՝ մանկավարժական և առաջնորդական հմտություններով՝ Հայաստանի դպրոցներում ու կրթական համակարգում փոփոխություններ իրականացնելու համար։ Ծրագիրը համատեղում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ շրջանավարտներին հնարավորություն տալով դառնալ կրթական հավասարության ակտիվ ջատագովներ և դրական ազդեցություն ունենալ իրենց համայնքներում։ Կենտրոնանալով համակարգային մտածողության վրա՝ մագիստրոսական ծրագիրը պատրաստում է ապագա ուսուցիչներին՝ առաջնորդելու կրթության հիմնարար փոփոխությունները։

Վերջնարդյունք

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանան՝

  • Ձևավորել մանկավարժական գիտելիքների ամուր հիմք՝ ուսումնասիրելով լավագույն փորձը, կիրառելով գիտելիքները գործնական միջավայրում և ինքնակատարելագործվելով ինքնանդրադարձի ու հետադարձ կապի միջոցով։
  • Կիրառել գործիքներ և ռազմավարություններ՝ կրթական խնդիրներն արդյունավետ բացահայտելու և լուծելու համար։
  • Տեղայնացնել կրթական առաջնորդության ու արդարության համաշխարհային միտումները՝ տեղական մարտահրավերներին արդյունավետ լուծումներ առաջարկելով։
  • Կիրառել հետազոտական հմտություններ՝ շարունակաբար զարգացնելու իրենց մանկավարժական և առաջնորդական գործելակերպը։

Ուսումնական ծրագիր

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի և Երևանի պետական համալսարանի դասախոսական կազմի համագործակցությամբ։ Ծրագրի մոդուլները բաժանվում են երկու խմբի՝ ամբողջությամբ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մշակած և Երևանի պետական համալսարանի մշակած մոդուլներ։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» առաջարկած համատեղ և առանձին մոդուլները

Կրթական հավասարություն և երեխաների իրավունքները դպրոցում

Այս մոդուլում ուսանողները սովորում են կրթական հավասարության, հավասարակշռության և արդարության գաղափարները, ինչպես նաև դասարանում արդար ուսուցման սկզբունքները։

Ուսուցչական առաջնորդության զարգացում (համակցված)

Այս մոդուլը հիմնարար գիտելիքներ է ձևավորում կրթության մեջ առաջնորդության, դրա առանձնահատկությունների և մեխանիզմների մասին։ Այն նպաստում է այդ մեխանիզմների կիրառման վերաբերյալ ուսանողների գործնական գիտելիքների ձևավորմանը։

Ուսուցչական առաջնորդության մոդելները Հայաստանում

Մոդուլի շրջանակում ուսանողները ծանոթանում են ուսուցչական առաջնորդության մոդելներին և դպրոցաշինության ծրագրերի հրամայականներին՝ պատմական տարբեր համատեքստերում

Համայնքային ազդեցություն

Ուսանողներն ուսումնասիրում են դիզայն մտածողության գործիքակազմը և այն կիրառում համայնքային մարտահրավերներն ու հնարավորությունները բացահայտելու համար։ Մոդուլի ավարտին ուսանողները ներկայացնում են իրենց համայնքային ծրագրերի օրինակները։

Մասնագիտական արդի հիմնախնդիրներ (համակցված)

Մոդուլի շրջանակում ուսանողներն ուսումնասիրում են ուսումնառության հիմնարար և արդի տեսությունները՝ դրանք կապելով իրենց դասավանդման պրակտիկայի հետ։

Դասարանական մշակույթի ձևավորում (համակցված)

Ուսանողները սովորում են դասարանական մշակույթի համատեղ ձևավորման գործնական մեթոդներն ու սկզբունքները։ Նրանք ծանոթանում են սոցիալ-հուզական ուսումնառության հիմնարար սկզբունքներին և բաղադրիչներին։

Թեմատիկ պլանավորում և դասարանական գնահատում (համակցված)

Մոդուլի շրջանակում ուսանողները գործնականում կիրառում են թեմատիկ և դասարանական պլանավորման հիմնական մոտեցումներն ու սկզբունքները։ Նրանք նաև սովորում են դասարանում գնահատման տեսակները՝ հայտորոշիչ, ամփոփիչ և ձևավորող, ինչպես նաև գնահատման ձևերն ու վերլուծությունը։

Երևանի պետական համալսարանի կողմից առաջարկվող և առանձին մոդուլներ

Ընդհանուր մանկավարժություն

Մոդուլի շրջանակում ուսանողները քննարկում և մեկնաբանում են մանկավարժության նպատակը, խնդիրներն ու հասկացությունները՝ անդրադառնալով ընդհանուր մանկավարժության գիտաճյուղերին։

Տարիքային մանկավարժություն

Ուսանողներն անդրադառնում են տարիքային մանկավարժության խնդիրներին՝ ուսումնասիրելով տարբեր տարիքի երեխաների տարիքային, հոգեբանական և անհատական առանձնահատկությունները։

Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և դասավանդման նորարարական մեթոդներ

Ուսանողները սահմանում են «ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» հասկացությունը և մեկնաբանում դասավանդման նորարարական մեթոդներն ու ժամանակակից կրթական տեխնոլոգիաները։

Դասավանդման մեթոդիկա

Ուսանողներն ընտրում են իրենց ուսումնասիրվող առարկային, օրինակ՝ անգլերենին կամ ֆիզիկային, համապատասխան դասավանդման մեթոդիկա՝ ուսումնասիրելով տվյալ առարկայի դասավանդման առանձնահատկություններն ու մեթոդները։

Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում

Այս մոդուլում ուսանողները ծանոթանում են մանկավարժության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը։ Մագիստրոսական մակարդակում սա ԵՊՀ-ի տրամադրած ստանդարտ մոդուլ է։

Դիմելու գործընթացը

Ո՞վ կարող է դիմել

  • ԵՊՀ-ի և այլ պետական ու ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրենց մասնագիտություններով հավատարմագրված բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած հաստատությունների թե՛ առկա, թե՛ հեռակա շրջանավարտները, որոնք նպատակ ունեն դասավանդելու հանրակրթության միջին կամ ավագ օղակներում։
  • Կրթության ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել ցանկացող անձինք։
  • Գործող ուսուցիչներ, որոնք ցանկանում են ուսումնասիրել կրթական նորարարական մոտեցումներն ու առաջնորդության տեսությունները։
  • Կրթության մասնագետներ, որոնք ցանկանում են կրթության ոլորտն ուսումնասիրել առաջնորդության տեսանկյունից։

Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը

  • Հնարավորություն՝ միաժամանակ աշխատել որպես ուսուցիչ և ստանալ մանկավարժության մագիստրոսի աստիճան։
  • Մատչելի և ճկուն հեռավար ուսուցման ձևաչափ՝ առցանց դասերով և աջակցող էլեկտրոնային ռեսուրսներով։
  • Առաջնորդության, նախագծերի մշակման և համայնքային ազդեցության գործնական գիտելիքների ձեռքբերում։
  • Կարիերայի հնարավորություններ դասավանդման և կրթական առաջնորդության դերերում։
  • Հայաստանի կրթական նախաձեռնության (ՀԿՆ) ավելի լայն էկոհամակարգին անդամակցություն՝ Կայծի նման ծրագրերի հասանելիությամբ։

Դիմումների և ընդունելության վերջնաժամկետները

  • 2025 թվականի հուլիսի 31

    Ամբողջական դիմումը լրացնելու վերջնաժամկետ

  • 2026 թվականի օգոստոսի 31

    Ընդունելության առաջին փուլի ավարտ՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ներքին գործընթաց

  • 2026 թվականի հոկտեմբեր

    Երկրորդ փուլի ավարտ՝ Երևանի պետական համալսարանի ընդունելության քննություն

Մագիստրոսական ծրագիրը շնորհում է մանկավարժության մագիստրոսի աստիճան՝ ուսուցիչների առաջնորդություն մասնագիտացմամբ։

Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է միջին և ավագ դպրոցներում աշխատող ուսուցիչների համար։

Մագիստրոսական ծրագիրը տարրական դպրոցում դասավանդելու որակավորում՝ դասվարի որակավորում, չի շնորհում։

Կրթության միջոցով կերտե՛ք Հայաստանի ապագան

Այժմ է պահը ներդրում կատարելու այն գաղափարների, դպրոցների և առաջնորդների մեջ, որոնք կսահմանեն Հայաստանը գալիք սերունդների համար։

Դիմե՛ք հիմա