Արագ արձագանք և դիմակայունություն

Կրթությունն արտակարգ իրավիճակներում


Հենվելով անցած ճգնաժամերին արձագանքելու լայն փորձի և փորձագետների ցանցի վրա՝ Հայաստանի կրթական նախաձեռնությունը (ՀԿՆ) կիրառում է սոցիալ-հուզական ուսումնառությունն ու հոգեբանական տրավման հաշվի առնող դասավանդումը՝ արտակարգ իրավիճակներից տուժած աշակերտներին հասնելու համար։ Գործընկերների հետ համակարգում ենք հիմնական կարիքների բավարարումը, ներգրավում հոգեբանական տրավմայի խորհրդատուների, ստեղծում ուսումնառության կենտրոններ և տեղահանված աշակերտներին ինտեգրում նոր դպրոցներում։ Մենք նաև առաջ ենք մղում քաղաքականություններ, որոնք ճգնաժամերի ընթացքում դպրոցները դարձնում են ապահով վայրեր:

Ո՞ւմ համար է

Արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների և ընտանիքների, ընդունող դպրոցների ու համայնքների, պետական և ոչ առևտրային մարդասիրական գործընկերների

Մասշտաբ և ազդեցություն

Ի պատասխան պատերազմին ու տեղահանությանը՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կառուցել է արտակարգ իրավիճակներում կրթության զարգացող մոդել, որը համատեղում է աշակերտների անհապաղ աջակցությունն ու համակարգի երկարաժամկետ դիմակայունությունը։

  • Կրթական արտակարգ արձագանք՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն արագ համախմբեց ուժերը՝ տեղահանված աշակերտներին աջակցելու համար։ Այդ ընթացքում կրթության շարունակականության և հարակից աջակցությամբ այն հասնում էր դպրոցահասակ տեղահանված յուրաքանչյուր 13 աշակերտից մոտավորապես մեկին։
  • 405 կրթական դաշինք՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչության բռնի տեղահանումից հետո «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ստեղծեց 405 կրթական դաշինքը։ Այս դաշինքը Հայաստանի կառավարության հետ աշխատում է հանրակրթական դպրոցները դիմակայունության տեղական կենտրոնների վերածելու ուղղությամբ՝ տեղահանված աշակերտներին ու ընտանիքներին հասանելի դարձնելով կրթությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սնունդը և այլ անհրաժեշտ ծառայություններ։
  • Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ընտրված դպրոցներում առաջ է մղվել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ինտեգրումը՝ օգնելով Լեռնային Ղարաբաղից (Արցախից) տեղահանված ավելի քան 2,600 աշակերտի։ Ավելի քան 200 մենթոր իրականացրել է 62,000 դասալսում՝ աշակերտների բարեկեցությունն ու դպրոցահեն աջակցությունն ամրապնդելու համար։
  • Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ձևավորվել է արտակարգ իրավիճակներում կրթության 53 վերապատրաստված համակարգողների մշտական ցանկ, ստորագրվել է արտակարգ արձագանքի համաձայնագիր և մշակվել 8 գործողությունից բաղկացած «Սոցիալ-հուզական ուսումնառությունն արտակարգ իրավիճակներում» գործիքակազմ՝ ապագա ճգնաժամերի ընթացքում արագ կիրառման համար։
  • Համաշխարհային առաջնորդություն՝ Համատեղ առաջնորդել ենք Teach For All-ի՝ արտակարգ իրավիճակներում կրթության համաշխարհային աշխատանքը՝ օգնելով Հայաստանի փորձը փոխանցել աշխարհի տարբեր ճգնաժամերին արձագանքող մանկավարժներին և կազմակերպություններին։

Ուսումնառության բացերի լրացում և դպրոցին պատրաստվածություն

Տարրական դասարաններում հետ մնացած երեխան հազվադեպ է ինքնուրույն լրացնում բացը։ Այն տարեցտարի լուռ մեծանում է, մինչև դառնում է հետագա ամեն ինչի բացատրությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը կոչված է ընդհատելու այդ շղթան։

Ինչ ենք անում։

Ութ գործընկեր դպրոցներում լրացնող դասեր ենք անցկացնում դասարանի մակարդակից հետ մնացած աշակերտների համար։ Դրանք վարում են նրանց սեփական ուսուցիչները՝ արտաքին մասնագետների փոխարեն, շարունակական մենթորությամբ և մասնագիտական զարգացմամբ, որպեսզի կարողությունները դպրոցում մնան մեր հեռանալուց հետո։ Սկզբում կատարում ենք հայտորոշիչ, իսկ ավարտին՝ ամփոփիչ գնահատում, որպեսզի առաջընթացը չափվի։ Ծնողներին էլ անմիջականորեն ներգրավում ենք մշտադիտարկման և կառուցվածքային հետադարձ կապի միջոցով։

Ինչ արդյունք ունենք։

Լրացնող դասերին ընդգրկվել է 902 աշակերտ։ Մենթորություն է ստացել 64 ուսուցիչ։ Գնահատվել է 646 աշակերտ, ներգրավվել՝ 654 ծնող։ Ծրագրի աշակերտների գրագիտությունը բարելավվել է 37%-ով, իսկ թվաբանական հմտությունները՝ 52%-ով։ Սրանք աննշան ձեռքբերումներ չեն։ Դրանք ցույց են տալիս, որ մոդելն իսկապես լրացնում է ուսումնառության բացերը, այլ ոչ միայն դանդաղեցնում դրանց աճը։

Ինչ են ասում աշխատանքին ամենամոտ մարդիկ։

Ուսուցիչների գոհունակությունը հասել է 98%-ի, ծնողներինը՝ 93%-ի, տնօրեններինը՝ 100%-ի։ Բոլոր տնօրենները հաստատել են դրական ազդեցությունն ակադեմիական առաջադիմության վրա։ Ծնողների 96%-ը նկատել է երեխայի մոտիվացիայի աճ։ Ուսուցիչների 97%-ն էլ նշել է, որ լրացնող ուսուցման մեթոդաբանությունն ավելի արդյունավետ այլընտրանք է ավանդական արտադասարանական ծրագրերին։ Սա այն մարդկանց գնահատականն է, որոնք նոր մեթոդը գովաբանելու ամենաքիչ պատճառն ու հին մեթոդի ամենամեծ փորձն ունեն։

Դպրոց հաճախելուն պատրաստ։

Մեր «Բարև՛, դպրոց» ծրագիրն ութ դպրոցներում մոտ 160 ապագա աշակերտի պատրաստել է առաջին դասարան հաճախելուն, որպեսզի այն բացը, որը հետագայում փորձում ենք լրացնել, ի սկզբանե առաջանալու ավելի քիչ հավանականություն ունենա։

Արտակարգ իրավիճակներին պատրաստվածություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորել ենք արտակարգ իրավիճակներում կրթության 53 վերապատրաստված համակարգողների և ստորագրել արտակարգ արձագանքի համաձայնագիր՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն դարձնելով մշտական գործընկեր ճգնաժամերի ընթացքում կրթական կարիքների արձագանքման։ Երեք օրվա ընթացքում վերապատրաստել ենք 21՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Ազգային առաջնորդության ծրագրի շրջանավարտների, և Սյունիքի 9 գործող ուսուցչի՝ արտակարգ իրավիճակներում կրթության, հոգեկան առողջության ու հոգեսոցիալական աջակցության և սոցիալ-հուզական ուսումնառության թեմաներով։ Մշակել և տպագրել ենք նաև «Սոցիալ-հուզական ուսումնառությունն արտակարգ իրավիճակներում» գործիքակազմ՝ ութ պատրաստի պարապմունքով, որը հնարավոր է բացել ու կիրառել հենց անհրաժեշտ օրը։ Պատրաստվածությունը փաստաթուղթ չէ. այն վերապատրաստված մարդն է՝ կիրառելի գործիքով։

Դեպի համակարգ։

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ մեր գործընկերությունն արդեն հաստատված է։ Դրա միջոցով լրացնող կրթության մոդելի հիմնական բաղադրիչներն ինստիտուցիոնալացվում են՝ մեր իրականացրած ծրագրից վերածվելով համակարգում հաստատված գործելակերպի։ Նախարարությունն իր ամառային դասերի համար որդեգրել է դպրոցին պատրաստվելու մեր մեթոդաբանությունը՝ օգտվելով գործընկեր դպրոցներում մշակած մոտեցումից ու իրականացման փորձից։

Սա է աշխատանքի ամբողջ իմաստը. ծրագիրը անվերջ իրականացնելու փոխարեն ստեղծել այնպիսի լուծում, որ Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար պատասխանատու հաստատությունները ցանկանան այն կիրառել իրենց աշխատանքում։

  • Աշակերտների համար՝ գրագիտության և թվաբանական հմտությունների զգալի բարելավում։
  • Ուսուցիչների համար՝ 64 մանկավարժ այժմ ունի կայուն կիրառելի մեթոդաբանություն և մենթորական կապեր։
  • Համակարգի համար՝ մեր դիրքի ամրապնդում որպես ազգային դերակատար՝ թե՛ ուսումնառության բացերի լրացման, թե՛ արտակարգ իրավիճակներում կրթության ոլորտում։