«ՈՒսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագիր


«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդիր Հանուն Հայաստանի»-ի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ և գործում է 2021 թվականից ի վեր։  Այս ծրագիրը ուսանողներին տալիս է ուսուցչի որակավորում և Ուսուցիչ-առաջնորդի մասնագիտացում՝ առաջինն իր տեսակի մեջ Հայաստանում: Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում դպրոցներում և համայնքներում, իսկ հաջորդ տարի նրանց շարքերը կհամալրեն ևս 29 ուսանողներ։

Մագիստրոսական ծրագիրը խարսխված է երկու հիմնարար հասկացությունների վրա՝ կրթական արդարություն և ուսուցչական առաջնորդություն։ Ծրագիրն օգնում է ավելի խորությամբ ուսումնասիրելու կրթական արդարության խնդիրը, մշակելու համապատասխան ռազմավարություններ և տեխնիկաներ ինչպես դասարանում, այնպես էլ դրանից դուրս լուծումներ գտնելու և կիրառելու նպատակով։ Մյուս կողմից՝ ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջնորդություն հասկացությունը, զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, ինչպես նաև արժևորելու հավաքական առաջնորդության դերը համակարգային խնդիրների լուծման հարցում։ 

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դասընթացը մշակված է որպես հեռակա ուսուցմամբ ծրագիր, որի տևողությունը մեկուկես տարի է: Ուսանողները կարող են մասնակցել ծրագրին հեռավար՝ օգտագործելով Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակը, որը հնարավորություն կտա միանալու դասերին ցանկացած վայրից: 

ՁԵՎԱՉԱՓԸ`
հեռակա և առցանց

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`
1.5 տարի / 3 կիսամյակ

ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐ՝
1 կիսամյակը 275,000 դրամ

ՆՊԱՏԱԿ

Մագիստրոսական ծրագրի նպատակն է ձևավորել ուսուցիչների նոր սերունդ, որը զինված կլինի մանկավարժական և առաջնորդական հմտություններով Հայաստանի դպրոցական և կրթական համակարգում փոփոխություններ կատարելու համար։ 

Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքները պրակտիկ փորձառության հետ՝ հնարավորություն տալով շրջանավարտներին դառնալու արդար կրթության գործուն ջատագովներ և դրական ազդեցություն ունենալու իրենց համայնքներում: Կենտրոնանալով համակարգային մտածողության վրա՝ մագիստրոսական ծրագիրը պատրաստում է հաջորդ սերնդի ուսուցիչների, որոնք առաջնորդելու են կրթական հիմնարար փոփոխություններ։

ՎԵՐՋՆԱԴՐՈՒՅՔՆԵՐ

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանան.

Ձևավորել մանկավարժական գիտելիքների ուժեղ հիմք՝ ուսումնասիրելով լավագույն փորձը, գործնականում կիրառելով գիտելիքները, ռեֆլեքսիայի և հետադարձ կապի միջոցով ինքնակատարելագործվելով։ 

Տիրապետել դիզայն մտածողության գործիքակազմին` տեղայնացված փոփոխություններ առաջացնելով համայնքներում: Շրջանավարտները կունենան անհրաժեշտ գործիքներ և ռազմավարություններ՝ կրթական խնդիրները բացահայտելու և լուծելու համար։

Տեղայնացնել կրթական առաջնորդության և արդարության համընդհանուր միտումները՝ տեղի խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջադրելով։

Օգտագործել հետազոտական հմտությունները՝ միտված շարունակաբար զարգացնելու մանկավարժական և առաջնորդական պրակտիկան։ 

ՈՒսումնական ծրագիր

Ուսուցիչ-առաջնորդության մագիստրոսական ծրագիրը ներկայացնում է ուսումնական ծրագիր, որը ստեղծվել է «Դասավանդիր Հանուն Հայաստանի»-ի և Երևանի պետական համալսարանի դասախոսների համագործակցությամբ: Ծրագրի մոդուլները կարելի է դասակարգել երկու կատեգորիայի՝ մոդուլներ, որոնք ամբողջությամբ մշակված են «Դասավանդիր Հանուն Հայաստանի» կողմից, և մոդուլներ, որոնք մշակված են Երևանի պետական համալսարանի կողմից։


«Դասավանդիր Հանուն Հայաստանի»-ի կողմից առաջարկվող համակցած և առանձին մոդուլներ

  • Այս մոդուլի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են կրթական հավասարություն, արդարակշռություն, արդարություն հասկացությունները, ինչպես նաև դասարանում արդարակշիռ դասավանդման սկզբունքները։

  • Մոդուլը հիմնարար գիտելիքներ է ձևավորում կրթության ոլորտում առաջնորդության, դրա առանձնահատկությունների ու մեխանիզմների վերաբերյալ, նպաստում է, որպեսզի ուսանողների մեջ ձևավորվեն նշված մեխանիզմների կիրառման գործիմացություններ:

  • Մոդուլի շրջանակում ուսանողները ծանոթանում են ուսուցչական առաջնորդության մոդելներին և դպրոցաշինության ծրագրերի հրամայականներին՝ պատմական տարբեր համատեքստերում:

  • Ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու դիզայն մտածողության գործիքակազմը և այն կիրառելու համայնքային խնդիրների և հնարավորությունների վերհանման հարցում։ Մոդուլի ավարտին ուսանողները ներկայացնում են իրենց համայնքային ծրագրերի օրինակները։

  • Մոդուլի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են ուսումնառության հիմնարար և արդի տեսությունները՝ դրանք կապելով իրենց մանկավարժական պրակտիկայի հետ։ 

  • Ուսանողները ուսումնասիրում են դասարանային մշակույթի համատեղ ձևավորման գործնական տեխնիկաներ և սկզբունքներ, ծանոթանում են սոցիալ-հուզական ուսումնառության հիմնական սկզբունքներին և բաղադրիչներին։ 

  • Մոդուլի շրջանակում ուսանողները գործնականում ուսումնասիրում են թեմատիկ և դասի պլանավորման հիմնական մոտեցումները և սկզբունքները, ինչպես նաև դասարանական գնահատման տեսակները (հայտորոշիչ, ամփոփիչ և ձևավորող), գնահատման անցկացման և վերլուծության ձևերը։

ԵՊՀ-ի կողմից մշակված մոդուլներԵՊՀ-ի կողմից մշակված մոդուլներ

  • Մոդուլի շրջանակում ուսանողները քննարկում և մեկնաբանում են ընդհանուր մանկավարժության նպատակը, խնդիրները, մանկավարժության հասկացությունները, հիմնական գիտաճյուղերը։

  • Ուսանողները դիտարկում են այն հիմնախնդիրները, որոնք առկա են տարիքային մանկավարժության մեջ՝ ծանոթանալով տարբեր տարիքի երեխաների տարիքային, հոգեբանական և անհատական առանձնահատկություններին:

  • Ուսանողները սահմանում են «Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ» հասկացությունը, մեկնաբանում են դասավանդման նորարար մեթոդները և կրթական ժամանակակից տեխնոլոգիաները։

  • Ուսանողները ընտրում են իրենց դասավանդման առարկային համապատասխան դասավանդման մեթոդիկա (օրինակ՝ անգլերեն, ֆիզիկա և այլն), որի շրջանակում ուսումնասիրում են իրենց առարկայի դասավանդման առանձնահատկությունները և մեթոդները։

  • Այս մոդուլի շրջանակում ուսանողները ծանոթանում են տեղեկատվական տեխնոլոգիաներին մանկավարժության ոլորտում։ Մագիստրոսական մակարդակում ԵՊՀ ստանդարտ մոդուլ է։

Դիմելու ընթացակարգ

Ովքե՞ր կարող են դիմել
ծրագրին

ԵՊՀ-ի և այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի` բակալավրիատի, մագիստրատուրայի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները,ովքեր նպատակ ունեն դասավանդել հանրակրթական միջին և ավագ օղակներում։

Կրթության վերաբերյալ տեսական և գործնական  գիտելիքներ փնտրող անձինք։

Գործող ուսուցիչներ, ովքեր ցանկանում են ծանոթանալ կրթական նորարար մոտեցումներին և առաջնորդական տեսություններին։

Կրթության ոլորտի աշխատակիցներ, ովքեր ցանկանում են առաջնորդության տեսանկյունից ուսումնասիրել կրթության ոլորտը։

Որո՞նք են ծրագրի ընձեռած հնարավորությունները

Հնարավորություն՝ միաժամանակ աշխատել որպես ուսուցիչ և ստանալ մանկավարժության մագիստրոսի աստիճան։

Մատչելի և ճկուն հեռակա ձևաչափ՝ առցանց դասերով և աջակցող էլեկտրոնային ռեսուրսներով։

Գործնական գիտելիքների ձեռքբերում՝ առաջնորդության, նախագծերի մշակման, համայնքային ազդեցության ոլորտներում։

Կարիերայի հնարավորություններ՝ ուսուցչի և կրթության առաջնորդի դերերում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և «Կրթություն բոլորի համար» ցանցի անդամություն, ծրագրերի մասնակցություն:

Դիմումների և ընդունելության վերջնաժամկետներ

2025թ․ մայիսի 15
նախահայտերի ներկայացման վերջնաժամկետը

2025թ․ հուլիսի 15
հայտադիմումների լրացման վերջնաժամկետը

2025թ․ օգոստոսի 31
ընդունելության 1-ին փուլի ավարտ. ԴՀ ընդունելության գործընթացների ամփոփում

2025թ․ հոկտեմբեր
ընդունելության 2-րդ փուլի ավարտ.  ԵՊՀ ընդունելության քննություն


Մագիստրոսական ծրագիրը ՉԻ տալիս տարրական դպրոցի (դասվար) և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում: