«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Armenia Education Initiative (AEI) Foundation
ՀՎՀՀ 02645043 • Գրանցման համար 222.160.883728 • ք. Երևան, Մոսկովյան փ. 31, բն. 52
Սույն հրապարակային օֆերտան (այսուհետ՝ Օֆերտա) «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ կամ Կազմակերպիչ) պաշտոնական առաջարկն է՝ ուղղված MindX Teachers Lab ծրագրին վճարովի հիմունքներով մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց, ինչպես նաև նրանց մասնակցության վճարումն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Օֆերտայի ընդունումն (ակցեպտը) իրականացվում է գրանցման ընթացքում դրա պայմանների հաստատմամբ և համապատասխան վճարման կատարմամբ՝ սույն Օֆերտայով սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ Մասնակիցը և Վճարողը տարբեր անձինք են, նրանց իրավունքներն ու պարտավորությունները որոշվում են սույն Օֆերտայի և, առկայության դեպքում, առանձին գրավոր համաձայնության համաձայն։
1. Սահմանումներ
Կազմակերպիչ – «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը, որը կազմակերպում և մատուցում է ծրագիրը։
Ծրագիր – MindX Teachers Lab ամենամյա դասընթացների ծրագիրը՝ իր առցանց և առդեմ բաղադրիչներով։
Մասնակից – ֆիզիկական անձ, որը գրանցվում և մասնակցում է ծրագրին՝ անկախ նրանից, թե ով է իրականացնում մասնակցության վճարումը։
Վճարող – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է մեկ կամ մի քանի Մասնակիցների մասնակցության վճարումը։
Ակցեպտ – սույն Օֆերտայի պայմանների ընդունումը Կազմակերպչի սահմանած գրանցման և վճարման ընթացակարգով։
2. Ծրագրի նպատակը և նկարագրությունը
MindX Teachers Lab-ը Հիմնադրամի ամենամյա դասընթացների ծրագիր է՝ կրթական գաղափարների և փորձառությունների լաբորատորիա։ Այն ստեղծում է կենդանի կրթական հարթակ, որտեղ ուսուցիչները, դպրոցների ղեկավարներն ու կրթության ոլորտի ներկայացուցիչները միասին ուսումնասիրում և փորձարկում են ժամանակակից կրթական մոտեցումներ, Հիմնադրամի ծրագրերում կիրառվող մեթոդաբանությունը և զարգացնում գործնական հմտություններ։
Հիմնական լսարանն են ուսուցիչները, տնօրենները, ուսումնական աշխատանքների գծով պատասխանատուներն ու կրթության մասնագետները։ Ծրագիրը միտված է մասնագիտական աճին և գործնական հմտությունների ձևավորմանը՝ նախագծային ուսումնառության, ապագայի հմտությունների և արհեստական բանականության, սոցիալ-հուզական ուսումնառության, ուսումնառության համընդհանուր ձևավորման, աշակերտական առաջնորդության և այլ ուղղություններով։
Ծրագիրը կազմված է առցանց և առդեմ բաղադրիչներից։ Առցանց բաղադրիչը նվիրված է սովորելուն և պատկերացնելուն (Learn & Imagine), իսկ առդեմ բաղադրիչը՝ փորձառությանն ու գործողությանը (Experience & Act)։
3. Մասնակցության և գրանցման կարգը
- Մասնակցությունն իրականացվում է նախնական գրանցման, մասնակցության ձևաչափի կամ փաթեթի ընտրության և համապատասխան վճարի կատարման միջոցով։
- Գրանցումը համարվում է վերջնականապես հաստատված վճարման հաջող հաստատումից հետո՝ սույն Օֆերտայի 5-րդ բաժնի համաձայն։
- Յուրաքանչյուր Մասնակից գրանցվում է անհատապես, տրամադրում է ճշգրիտ և ամբողջական տվյալներ և գրանցման ընթացքում ընդունում Օֆերտայի պայմանները։
- Գաղտնիության քաղաքականությանը ծանոթանալը և տվյալների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հաստատումները կատարվում են գրանցման գործընթացում։ Լուսանկարահանման և տեսանկարահանման վերաբերյալ համաձայնությունը, անհրաժեշտության դեպքում, տրվում է առանձին կարգով։
- Կազմակերպիչը կարող է կապ հաստատել Մասնակցի հետ՝ գրանցման տվյալները ճշտելու համար։
- Մասնակցության տեղերը կարող են սահմանափակ լինել։ Գրանցումը կարող է փակվել տեղերի լրացման կամ նախապես հայտարարված վերջնաժամկետի հասնելու դեպքում։
- Երրորդ անձի, այդ թվում՝ դպրոցի կամ այլ կազմակերպության կողմից վճարում կատարելը չի վերացնում Մասնակցի անհատական գրանցման և մասնակցության պայմանների պահպանման պարտավորությունը։
4. Մասնակցության փաթեթները և արժեքը
Մասնակցության արժեքը սահմանվում է ըստ ընտրված ձևաչափի կամ փաթեթի՝ համաձայն սույն Օֆերտայի Հավելված 1-ի (Գնացուցակ)։
| Փաթեթ | Արժեք (ՀՀ դրամ ներառյալ կիրառելի հարկերը ) | Ներառում է |
|---|---|---|
| Մեկ առցանց դասընթաց | 10,000 դրամ | 1 առցանց դասընթաց (մինչև 1.5 ժամ), ուսումնական նյութեր, գործնական գործիք կամ ձևանմուշ, հավաստագիր |
| Մեկ առդեմ աշխատարան | 25,000 դրամ | 1 առդեմ գործնական աշխատարան (մինչև 3 ժամ), թվային/տպագիր նյութեր, սուրճի ընդմիջում, կապերի ստեղծման հատված, հավաստագիր |
| Ամբողջական քաղաքային շրջափուլ | 35,000 դրամ | 2 առցանց դասընթաց, 1 առդեմ աշխատարան, ամբողջ գործիքակազմ, կապերի ստեղծման հնարավորություն, ավարտական հավաստագիր, MindX նախագծերի առաջնային հասանելիություն |
- Ամբողջական շրջափուլի փաթեթը միասնական արտոնյալ առաջարկ է. առանձին ծառայությունների գումարային արժեքը կազմում է 45,000 դրամ, իսկ փաթեթային արժեքը՝ 35,000 դրամ։
- Հիմնադրամը կարող է դպրոցական կամ կազմակերպական խմբային, գործընկերային, հրավերային, ներքին և վաղ գրանցման զեղչեր սահմանել առանձին որոշմամբ։ Պայմանները հրապարակվում են համապատասխան շրջափուլի գրանցման էջում։ Զեղչերը, որպես կանոն, չեն գումարվում Ամբողջական փաթեթին կամ միմյանց, եթե այլ բան հստակ նշված չէ։
- Հիմնադրամը կարող է վերանայել գները հետագա շրջափուլերի կամ տարիների համար և սահմանել ժամանակավոր հատուկ առաջարկներ՝ դրանք նախապես հրապարակելով։ Արդեն կատարված վճարումները կարգավորվում են վճարման պահին գործող պայմաններով։
5. Վճարման կարգը
5.1. Վճարման եղանակները
MindX Teachers Lab ծրագրին մասնակցության վճարումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
- Առցանց վճարում՝ Կազմակերպչի պաշտոնական կայքում ինտեգրված VPOS վճարային համակարգի միջոցով՝ բանկային քարտով։
- Բանկային փոխանցում՝ Կազմակերպչի տրամադրած բանկային վավերապայմաններով՝ սույն Օֆերտայով սահմանված կարգով։
5.2. Բանկային փոխանցման վավերապայմանները
Շահառու՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՎՀՀ՝ 02645043
Շահառուի բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1570086041817900
Վճարման արժույթ՝ ՀՀ դրամ
5.3. Վճարման նպատակը
- Բանկային փոխանցման դեպքում Վճարողը վճարման նպատակի դաշտում նշում է՝ «MindX Teachers Lab ծրագրի [դասընթացի ամսաթիվ, քաղաքային շրջափուլի անվանում, ամսաթիվ, մասնակցի անուն, ազգանուն], [Վճարող կազմակերպության անվանում՝ եթե կիրառելի է]»։
- Մի քանի Մասնակիցների համար միասնական փոխանցման դեպքում Կազմակերպիչը կարող է տրամադրել վճարման նպատակի անհատականացված ձևակերպում՝ հայտի կամ մասնակիցների ցանկի նույնականացման համարով։ Անձնագրային տվյալների նշումը վճարման նպատակի դաշտում չի պահանջվում։
5.4. Վճարման ժամկետները
- Առցանց դասընթացների դեպքում՝ դասընթացի մեկնարկից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ։
- Առդեմ աշխատարանների դեպքում՝ աշխատարանի մեկնարկից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ։
- Ամբողջական քաղաքային շրջափուլի փաթեթի դեպքում՝ փաթեթում ներառված առաջին դասընթացի մեկնարկից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ՝ պայմանով, որ վճարման պահին պահպանված է նաև առդեմ աշխատարանի մեկնարկից առնվազն 3 (երեք) աշխատանքային օրվա ժամկետը։
- Բանկային փոխանցման դեպքում Վճարողը պետք է ապահովի, որ գումարը սահմանված ժամկետում մուտքագրված լինի Կազմակերպչի բանկային հաշվին։
- Կազմակերպիչը կարող է առանձին դեպքերում սահմանել կամ գրավոր համաձայնեցնել այլ ժամկետներ՝ հաշվի առնելով դասընթացի կազմակերպման առանձնահատկությունները և տեղերի առկայությունը։
5.5. Վճարման և գրանցման հաստատումը
- Առցանց վճարման դեպքում գրանցումը հաստատվում է վճարային համակարգի միջոցով վճարման հաջող իրականացումը ստուգելուց հետո։ Բանկային փոխանցման դեպքում Վճարողը փոխանցումն իրականացնելուց հետո Կազմակերպչին տրամադրում է վճարումը հավաստող փաստաթուղթը՝ անդորրագիր, վճարման հանձնարարագիր կամ բանկային փոխանցման այլ հաստատում։
- Բանկային փոխանցմամբ գրանցումը վերջնականապես հաստատվում է Կազմակերպչի հաշվին գումարի փաստացի մուտքը ստուգելուց հետո։ Վճարման հանձնարարագրի կամ անդորրագրի ներկայացումն ինքնին չի համարվում վճարման վերջնական հաստատում։
5.6. Վճարումը հավաստող փաստաթղթերը
Կազմակերպիչը վճարման փաստը հավաստող փաստաթղթերը տրամադրում է կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Առցանց վճարումների դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը կամ կիրառելի այլ հաշվարկային փաստաթուղթը տրամադրվում է գործող իրավական և տեխնիկական պահանջներին համապատասխան։ Բանկային փոխանցումների դեպքում անհրաժեշտ հաշվարկային կամ այլ ֆինանսական փաստաթղթերի տրամադրման կարգը որոշվում է՝ հաշվի առնելով Վճարողի կարգավիճակը, վճարման բնույթը և կիրառելի օրենսդրությունը։
5.7. Վճարման չհաստատման դեպքերը
Վճարման անհաջող իրականացման, գումարի չստացման կամ սահմանված ժամկետում չվճարման դեպքում Մասնակցի գրանցումը վերջնականապես հաստատված չի համարվում, եթե Կազմակերպչի հետ գրավոր այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
5.8. Իրավաբանական անձանց կողմից վճարման կարգը
Այն դեպքերում, երբ մեկ կամ մի քանի Մասնակիցների վճարումը նախատեսվում է իրականացնել դպրոցի կամ այլ իրավաբանական անձի կողմից, կիրառվում է հետևյալ ընթացակարգը։
ա) Նախնական համաձայնեցում և հայտի ներկայացում. Վճարող կազմակերպությունը նախապես տեղեկացնում է Կազմակերպչին և ներկայացնում գրավոր հայտ՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն, անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամարը, պատասխանատու անձի կոնտակտային տվյալները, Մասնակիցների ցանկը և ընտրված դասընթացները կամ փաթեթները։
բ) Վճարման փաստաթղթի տրամադրում. Կազմակերպիչը տրամադրում է վճարման համար անհրաժեշտ փաստաթուղթը կամ տեղեկատվությունը՝ ծառայության անվանմամբ և նկարագրությամբ, Մասնակիցների քանակով, արժեքով, ընդհանուր գումարով, բանկային վավերապայմաններով, վճարման նպատակի ձևակերպմամբ և վերջնաժամկետով։ Փաստաթղթի տեսակը որոշվում է Վճարողի պահանջների և կիրառելի օրենսդրության համաձայն։
գ) Վճարում և հաստատում. Վճարող կազմակերպությունը կատարում է բանկային փոխանցումը և տրամադրում վճարումը հավաստող փաստաթուղթը։ Մասնակիցների գրանցումները հաստատվում են Կազմակերպչի հաշվին համապատասխան գումարի փաստացի մուտքը ստուգելուց հետո։
դ) Անհատական գրանցում. Յուրաքանչյուր Մասնակից անձամբ լրացնում է գրանցման հայտը և ընդունում ծրագրին մասնակցության ու անձնական տվյալների մշակման վերաբերյալ կիրառելի պայմանները։ Լուսանկարահանման և տեսանկարահանման համաձայնությունը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում է առանձին։
ե) Փոխարինում և վերադարձ. Վճարող կազմակերպությունը կարող է առաջարկել Մասնակցի փոխարինում՝ Կազմակերպչի նախնական համաձայնությամբ։ Չեղարկման դեպքում գումարի վերադարձը կատարվում է 6-րդ բաժնի պայմաններով՝ Վճարող կազմակերպությանը։
զ) Հատուկ դեպքեր. Պետական և համայնքային կազմակերպությունների, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, ինչպես նաև հատուկ իրավական, ֆինանսական կամ գնումների պահանջներ ունեցող այլ կազմակերպությունների դեպքում վճարման պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և առանձին պայմանագրի անհրաժեշտությունը համաձայնեցվում են առանձին՝ կիրառելի օրենսդրության համաձայն։
6. Գրանցման չեղարկում և գումարի վերադարձ
- Մասնակիցը կարող է չեղարկել իր գրանցումը դասընթացի մեկնարկից առնվազն 10 օր առաջ՝ դիմելով Կազմակերպչին։
- Վերադարձի ենթակա գումարը վճարումն իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին վերադարձվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի հիմքը հաստատելուց և անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո, կիրառելի օրենսդրության համաձայն։
- Նշված ժամկետից ուշ չեղարկման դեպքում վճարի վերադարձ, որպես կանոն, չի կատարվում՝ արդեն կատարված կազմակերպչական ծախսերի պատճառով, բացառությամբ օրենքով նախատեսված կամ Կազմակերպչի հետ առանձին համաձայնեցված դեպքերի։
- Մասնակիցը կարող է իր գրանցումը փոխանցել այլ անձի՝ միայն Կազմակերպչի նախնական համաձայնությամբ և սահմանված ընթացակարգով։
- Միջոցառման չեղարկման կամ էական փոփոխության դեպքում Կազմակերպիչը Մասնակցին առաջարկում է հետաձգում, տեղափոխում այլ ամսաթվի կամ գումարի վերադարձ՝ պահպանելով կիրառելի օրենսդրությամբ նախատեսված իրավունքները։
- Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) դեպքերում կիրառվում են սույն Օֆերտայի 11-րդ բաժնի և օրենսդրության դրույթները։
- Այն դեպքերում, երբ մեկ առցանց վճարային գործարքով ձեռք են բերվել մի քանի դասընթացներ կամ փաթեթներ, գործարքի առանձին մասի ավտոմատ վերադարձը կարող է տեխնիկապես հասանելի չլինել։ Նման դեպքերում վերադարձի ենթակա գումարը և վերադարձի եղանակը որոշվում են սույն Օֆերտայի և կիրառելի օրենսդրության համաձայն՝ առանց սահմանափակելու օրենքով նախատեսված իրավունքները։
7. Մասնակցության պայմաններ և կանոններ
- Մասնակիցները պարտավոր են նպաստել հարգալից և անվտանգ միջավայրի պահպանմանը և հարգանքով վերաբերվել այլ մասնակիցներին, բանախոսներին ու կազմակերպիչներին։
- Անթույլատրելի է խտրական, վիրավորական կամ միջոցառման բնականոն ընթացքը խոչընդոտող վարքագիծը։
- Էական խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ, ներառյալ՝ Մասնակցին միջոցառումից հեռացնելը. վճարի վերադարձի հարցը որոշվում է կիրառելի օրենսդրության համաձայն։
- Մասնակիցը պատասխանատու է իր անձնական իրերի համար։
- Ծրագրում, բանախոսների կազմում, ժամանակացույցում կամ վայրում հնարավոր փոփոխությունների մասին Մասնակիցները տեղեկացվում են Կազմակերպչի սահմանած կարգով։
8. Մտավոր սեփականություն
- Ծրագրի բովանդակության, ներկայացումների, նյութերի, տեսագրությունների և այլ նյութերի իրավունքները պատկանում են Հիմնադրամին կամ համապատասխան իրավատերերին։
- Մասնակցին տրամադրվում է նյութերի միայն անձնական, ոչ առևտրային օգտագործման իրավունք՝ Կազմակերպչի սահմանած պայմաններով։
- Առանց Կազմակերպչի թույլտվության արգելվում է միջոցառման բովանդակությունը ձայնագրել, տեսանկարահանել կամ տարածել՝ բացառությամբ թույլատրված դեպքերի։
9. Լուսանկարահանում և տեսանկարահանում
Ծրագրի ընթացքում կարող են իրականացվել լուսանկարահանում և տեսանկարահանում՝ փաստագրման և հաղորդակցական նպատակներով։ Ստացված նյութերը կարող են օգտագործվել Հիմնադրամի կրթական և տեղեկատվական գործունեության շրջանակում՝ համապատասխան համաձայնությունների և կիրառելի օրենսդրության համաձայն։ Մասնակիցները նախապես տեղեկացվում են այս մասին։ Իրենց պատկերի օգտագործման վերաբերյալ հատուկ պայմաններ ունեցող մասնակիցները կարող են դիմել Կազմակերպչին։ Համաձայնության մանրամասները սահմանվում են առանձին ձևով։
10. Անձնական տվյալների պաշտպանություն
Գրանցման և վճարման ընթացքում Հիմնադրամը մշակում է Մասնակցի անձնական տվյալները (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, մարզ, համայնք, դպրոց կամ կազմակերպություն՝ եթե կիրառելի է, և վճարման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ)՝ ծառայության մատուցման, գրանցման կառավարման և կապի նպատակներով։ Տվյալները երրորդ անձանց փոխանցվում են միայն անհրաժեշտության և կիրառելի օրենսդրության սահմաններում (օրինակ՝ վճարային ծառայություն մատուցողին)։ Մանրամասները սահմանվում են Հիմնադրամի առանձին Գաղտնիության քաղաքականությամբ։
11. Անհաղթահարելի ուժ (ֆորս մաժոր)
- Կողմերն ազատվում են սույն Օֆերտայով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հանգամանքների հետևանք է՝ բնական աղետներ, պատերազմ, համաճարակ, պետական մարմինների ակտեր, էլեկտրաէներգիայի կամ կապի խափանում և այլ արտակարգ ու անկանխատեսելի հանգամանքներ, որոնք դուրս են կողմերի ողջամիտ վերահսկողությունից։
- Ֆորս մաժորի դեպքում Կազմակերպիչը կարող է փոփոխել միջոցառման ժամկետը կամ ձևաչափը, առաջարկել հետաձգում, տեղափոխում այլ ամսաթվի կամ գումարի վերադարձ՝ կիրառելի օրենսդրության և սույն Օֆերտայի 6-րդ բաժնի համաձայն։
- Ֆորս մաժորի հանգամանքների մասին տուժած կողմը ողջամիտ ժամկետում տեղեկացնում է մյուս կողմին։
12. Պատասխանատվության սահմանափակում և վեճերի կարգավորում
- Կազմակերպչի պատասխանատվությունը սահմանափակվում է կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։
- Մասնակիցը և Վճարողը պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության ճշտության համար։
- Վեճերը կողմերը ձգտում են լուծել բանակցությունների միջոցով՝ դիմելով Հիմնադրամին. համաձայնության չգալու դեպքում վեճերը կարգավորվում են ՀՀ կիրառելի օրենսդրությամբ։
13. Եզրափակիչ դրույթներ
- Հիմնադրամն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ վերանայելու և թարմացնելու սույն Օֆերտայի դրույթները։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից կամ նշված այլ ժամկետից և չեն փոխում արդեն հաստատված վճարումների նկատմամբ կիրառվող պայմանները՝ առանց իրավաչափ հիմքի։
- Կոնկրետ ծառայության կամ միջոցառման էջում հստակ ներկայացված հատուկ պայմաններն ունեն առաջնահերթություն, եթե չեն հակասում կիրառելի օրենսդրությանը։
- Սույն Օֆերտան կիրառվում է MindX Teachers Lab-ի հետ կապված վճարովի փոխհարաբերությունների նկատմամբ՝ բացառությամբ առանձին գրավոր համաձայնությամբ իրավաչափորեն կարգավորված հարցերի։
Կապի տվյալներ
Կազմակերպության իրավաբանական անվանում՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամ
ՀՎՀՀ՝ 02645043
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մոսկովյան փ. 31, բն. 52
Գործունեության հասցե՝ ք. Երևան, Մելիք Ադամյան 2/1
Էլ. փոստ՝ info@teachforarmenia.org • Հեռախոս՝ +374 60 505515
Կայք՝ https://www.armeniaeducationinitiative.org/en
Պատասխանատու անձինք՝ Ալբերտա Պիրոևա, Աննա Խաչյան
Էլ. փոստ՝ alberta@teachforarmenia.org | anna.khachian@teachforarmenia.org
Հեռախոս՝ +374 77 29 92 48 | +374 77 82 80 89
Հավելված 1 – Գնացուցակ
| Մասնակցության փաթեթ | Արժեք (ՀՀ դրամ ներառյալ կիրառելի հարկերը) | Ներառում է |
|---|---|---|
| Մեկ առցանց դասընթաց | 10,000 դրամ | 1 առցանց դասընթաց՝ մինչև 1.5 ժամ, ուսումնական նյութեր, գործնական գործիք կամ ձևանմուշ, հավաստագիր |
| Մեկ առդեմ աշխատարան | 25,000 դրամ | 1 առդեմ գործնական աշխատարան՝ մինչև 3 ժամ, թվային/տպագիր նյութեր, սուրճի ընդմիջում, կապերի ստեղծման հատված, հավաստագիր |
| Ամբողջական քաղաքային շրջափուլ | 35,000 դրամ | 2 առցանց դասընթաց, 1 առդեմ աշխատարան, ամբողջ գործիքակազմ, կապերի ստեղծման հնարավորություն, ավարտական հավաստագիր, MindX նախագծերի առաջնային հասանելիություն |
